Ողբ և կիչ
ՄՇԱԿՈԻՅԹ - ԱՌՕՐՅԱ
Սեդա Շեկոյան 2008-04-30
Պատկերները, որոնք իլյուստրացնում են այս տեքստը, արվեստի դաշտում հայտնվելու և դրա կողմից ճանաչվելու հավակնություններ չունեն: Թեև դրանք նույնպես խոսում են ողբերգության մասին, հայոց Եղեռնի մասին, բայց խոսում են պոպարտի, կիչի` զանգվածային մշակույթի լեզվով, ընդ որում` դրա ամենացածրորակ, բայց ոչ մոլորեցնող և վտանգավոր տեսակով:
Այսինքն` ներկայացրածի կիչ լինելն ակնհայտ է ու կասկած չի հարուցում: Տվյալ դեպքում կիչի գոյությունը կարելի է արդարացված համարել այն չափով, որքանով կիչը գիտակցում և չի ժխտում իր կիչ լինելը, չի խուսափում իր հասցեին նման որակումից, մինչդեռ մոլորեցնող և դժվար ըմբռնելի կիչը պետք է ամեն գնով թաքուն պահեր իր իսկական նշանակությունը, զգեստավորվեր «բարձր մշակույթի» առանձնաշնորհներով, հատկապես` երբ խոսքը վերաբերում է ողբի թեմային:
Այս ցածրորակ և անվտանգ կիչն ունի մտածված հանգրվան, որտեղ նրան ոչինչ չի խանգարում լիովին դրսևորվելու համար: Այդ հանգրվանը հանրային ոլորտի օրինակ հանդիսացող և վերջին ժամանակներում խիստ տարածված ռուսական odnoklassniki.ru ինտերնետային կայքն է` հանձին վերջինիս երիտասարդ (հիմնականում 16-30 տարեկան) այցելուների, որն այնքանով է հանրային ոլորտ, որքանով կայքի շրջանակներում համադասարանցիների, համակուրսեցիների և պարզապես ծանոթների որոնումը ընդհանուր նպատակ և շահ է հանդիսանում հանրային որոշակի ոլորտի կայացման համար:
Փաստորեն, գործ ունենք հանրային ամենազանգվածային ոլորտում` ինտերնետում, տեղակայված կիչ-պատկերների հետ, որոնք խոսում են ողբի մասին: Քանի որ ողբը համազգային է, համազգային է դառնում նաև ողբի կիչային շահարկումը: Առաջին հայացքից նույնիսկ կիչը դադարում է միայն որպես այդպիսին որակվելուց` վերածվելով մշակութային և էսթետիկական համընդհանուր գիտակցության,
որտեղ համահարթեցման սկզբունքով կողք կողքի հայտնվում են «բարձր մշակույթին» վերագրվող գործերը (Արշիլ Գորկու հայտնի դիմանկարը` լուսանկար և գեղանկար տարբերակներով, Սևակի «Անլռելի զանգակատան» խանջյանական պատկերազարդումները) և ինտերնետի շարքային այցելուների` իրենց անվան և ազգանվան վերևում տեղադրված պատկերները, որ պլակատային լեզու ունեն: Բացի մշակութային և էսթետիկական համընդհանուր գիտակցությունից` այս պատկերները նաև քաղաքական որոշակի ակցիայի կրողներ են, ինչպես ինտերնետային կայքերից մեկում առաջարկվող սիմվոլիկ մոմավառությունը` դարձյալ համազգային ողբի առիթով (candle.direct.am):
Եթե խոսում ենք կիչի մասին, ապա մտքում անպայմանորեն ունենք «բարձր մշակույթի» մասին պատկերացումը, բայց բևեռները, իրարից տարբեր լինելով էլ հնարավորություն ունեն հատվելու մի որևէ կետում, և այդ կետը կարող է լինել էսթետիկան, որն ավելի ունիվերսալ լինելով, անպայմանորեն չի հանգում արվեստի մասին գաղափարին:
Այս առումով համազգային ողբին հղող ինտերնետային պատկերները դառնում են ամենազանգվածային հանրային էսթետիկական գիտակցության ցուցիչներն ու նշանակիչները, որոնք ուղղակիորեն կապվում են փոփ գեղագիտության հետ, ինչը հիանալիորեն ամփոփվում է կոկա-կոլայի հմայքի ուորհոլյան մեկնաբանության մեջ:
Իսկ հիմա խոսենք պատկերագրական այն սխեմաների մասին, որոնց միջոցով ձևավորվում է ողբի կիչային շահարկումը: Վերոհիշյալ կայքում հայոց համազգային ողբին հղող պատկերագրությունը չափից ավելի պաթետիկ է, որին նպաստում է պատկերագրական հետևյալ մոտիվների մատուցումը` վառվող մոմերով ուղեկցվող պաթետիկ ողբերգական արտահայտություններ, որբ և սովալլուկ երեխաների, գանգերի ու կմախքների պատկերներ, թուրքական դրոշի վրա միզող տղա երեխայի և թուրքական դրոշի այրում, Ծիծեռնակաբերդի եղեռնի հուշահամալիրի քանդակային մանրամասներ` ուղեկցված 1915 թվականի հայոց եղեռնը հիշելու և ճանաչելու կոչերով:
Ինտերնետային կայքի այցելուները ձևավորում են համազգային ողբի պատկերագրություն` աննշան ծաղրական և հեգնական արտահայտություններով, որոնք վերաբերում են ոչ թե ողբի մեկնաբանությանը, այլ եղեռնի` որպես բացարձակ մետաֆիզիկական չարի հետ նույնացող պետությանը և դրա սիմվոլներին:
Կայքի շրջանակներում ծավալվում է որոշակի ներքին մրցակցություն. յուզեռները հավակնում են մեկը մյուսից պատկերավոր ներկայացնել հայոց եղեռնի «եզակիությունը» և ողբերգականությունը: Սլավոյ Ժիժեկը իր տեքստերից մեկում խոսում է հոլոքոստի թեմայով կոմեդիաների թվի աճի մասին («Կյանքը հիասքանչ է» ֆիլմը), որոնք խիստ համապատասխանում են մետաֆիզիկական բացարձակ չարիքի, որպիսին նաև հոլոքոստն է, ներկայացմանը, ապա կատակերգականն այստեղ առաջին հերթին վերաբերում է չարիքի և ողբի մեկնաբանությանը` ի տարբերություն ինտերնետային (և ոչ միայն) վերոհիշյալ պատկերների, որտեղ կատակերգականն անխուսափելիորեն երևում է վերջում, ընկալման համատեքստում, նաև քաղաքական ուղերձների տեսքով:
Ողբի մասին պատմող կոմեդիայի հաջողությունն էլ այն որևէ այլ կերպ պատմելու, ներկայացնելու, պատկերացնելու, հաղորդելու և տեսողականացնելու անհնարինությունն է, առավել ևս որ այն նախապես չի հավակնում հաղորդել հոլոքոստի սարսափը: Եթե եղեռնի ողբն այնպիսի ցավոտ մի կետ է, որտեղ անգամ պատմական օբյեկտիվ գիտելիքն է անհաջողություն ապրում, ապա հակառակ դեպքում, եթե այդ ողբը պատկերացվեր, տեսողականացվեր և ներկայացվեր, կկորցներ իր` որպես բացարձակ չարիքի եզակիությունը:
Ստացվում է, որ որպես բացարձակ պատկերացող ամեն ինչի, այդ թվում բացարձակ չարիքի և ողբի ներմուծումը արվեստի կամ մշակույթի կոնտեքստ անխուսափելիորեն ուղեկցվում է այլակերպություններով: Գեղարվեստական մակարդակի վրա այդ այլակերպությունը կարող է լինել կատակերգական ժանրին դիմելը, իսկ զանգվածային գիտակցության մեջ` առօրեական կիչի վերածվելը: Միակ առավելությունը, որ ունեն ինտերնետային վերոհիշյալ պատկերներն այն է, որ դրանք չեն տառապում ավելորդ ապաքաղաքականությունից` փոխարենը նույնանալով պլակատային լեզվով մատուցվող ցածրորակ կիչի հետ:
Հայոց եղեռնը և հոլոքոստը` միայն որպես բացարձակ մետաֆիզիկական չար ներկայացնելը հղի է այն ապաքաղաքականացնելու վտանգներով, այստեղից էլ քաղաքական և ապաքաղաքական ողբի տարբերությունը: Բայց հետաքրքիր մի օրինաչափությամբ ողբի մասին պատմող պատկերի և տեքստի «գեղարվեստականությունը» համապատասխանում է դրանց աճող ապաքաղաքականացմանը:
Գուցե պատճառը ողբի բացարձակացման մեջ է, երբ դրա մասին խոսելն ու պատկերացնելն այլևս ցավ չի պատճառում, որին հասնելու և պաշտպանական մեխանիզմներ մշակելու համար էլ բացարձակացնում ենք այն, ինչ մասնակի է և կոնկրետ: Արդյոք բացարձակեցումը չի նշանակում ողբի բացակայություն` վկայելով այդ նույն ողբի սկզբնական փորձը: Փաստորեն, ողբի բացարձակեցումը (այդ թվում և կիչի միջոցով) ներկայում հաստատում է անցյալի ողբը, որն արդեն չկա:
Միաժամանակ ողբի բացարձակեցումը պետք է ցույց տա անցյալում ողբի անհաղթահարելիությունը, որովհետև եթե դա հաղթահարելի թվար, երբեք չէր բացարձակացվի: Կարելի է պատկերացնել պատկեր և տեքստ, որտեղ ողբը բացարձակ չէ, այլ` արթուն, որտեղ քաղաքական «հիմարությունն ու նաիվությունը» միանում են քաղաքական գիտակցության և գեղարվեստականության հետ: Հնարավո՟ր է այդպիսի պատկերի և տեքստի պատկերացումը, որ կդառնա պատկեր-տեքստ-իրականություն:
Ահա կոկա-կոլայի հմայքի Ուորհոլի մեկնաբանությունը. Ինչ լավ է, որ Ամերիկան սկսել է այն ավանդույթը, որ ամենահարուստ սպառողները գնում են գրեթե նույն ապրանքները, ինչ որ ամենաաղքատները: Դուք կարող եք հեռուստացույց դիտել և տեսնել Կոկա-կոլա, և դուք գիտեք, որ նախագահը խմում է կոկա-կոլա, Լիզ Թեյլորը խմում է կոկա-կոլա և գիտեք, որ դուք ևս կարող եք խմել կոկա-կոլա: Դրամի ոչ մի քանակությամբ դուք չեք ստանա ավելի լավ Կոկա-կոլա, քան այն, որ անկյունում խմում է բոմժը: Բոլոր կոկա-կոլաները նույնն են և բոլորն էլ լավն են: Լիզ Թեյլորը գիտի դա, նախագահը գիտի դա, բոմժը գիտի դա և դուք գիտեք:
Սլավոյ Ժիժեկ, «Լագերային կոմեդիա», Մի՟թե հոլոքոստը ամենավառ ապացույցը չէ այն բանի, որ լինել մարդ նշանակում է զոհ լինել և ոչ թե ակտիվ քաղաքական սուբյեկտ, որ ինքդ քեզ զոհ հռչակելը ամենաանհրաժեշտ նախապայմանն է իշխանության հետ զրույցի/խոսակցության համար:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment