
Ջորջ Մակիոնասը (Յուրգիս Մաչունաս) ծնվել է 1931թ.-ի նոյեմբերի 8-ին Կաունասում (Լիտվա) և մահացել 46 տարեկան հասակում Բոստոնում (ԱՄՆ): Համարվում է ֆլուքսուսի հիմնադիր արվեստագետներից:
Նա 1944-ին հոր` Ալեքսանդ Մակիոնասի և մոր Լեոկադիայի (վրացի պարուհի) հետ փախնում է Գերմանիա` Ֆրանկֆուրտ, ապա ԱՄՆ` Նյու Յորք: Նրա կենսագրականի այս մասը շատ բնութագրական է Ֆլուքսուսի համար, որպես ինտերնացիոնալ շարժում և շարժում` սկիզբ առած պատերազմի հետևանքով:
ԱՄՆ-ում նա ուսանում է մի շարք համալսարաններում, այդ թվում Նյու Յորքի Գեղեցիկ Արվեստների Ակադեմիայում, որտեղ նա ուսումնասիրում է արվեստի պատմություն: Արվեստի պատմության ուսումնասիրությունը հետագայում արտահայտվում է նրա աշխատանքներում և ուղղակի կերպով կապված է նրա ավանգարդի պատմության երեք հրատարակությունների հետ 1955-1960թթ, որտեղ հիմնական կիզակետը, բնականաբար, Ֆլուքսուսն էր: Այս ժամանակ նա սկսվում է շփվել գերմանացի դադաիստ Ռաուլ Հաուսմանի հետ, որն էլ նրան դրդում է չօգտագործել« «նեո-դադա» տերմինը այլ ավելի բնութագրական «Ֆլուքսուս» հորինված անվանումը:
1961-ին նա բացում է «AG» ցուցասրահը, որտեղ տեղի են ունենում Ջոն Քեյջի էքսպերիմենտալ երաժշտության դասերից (1960) և արևելյան փիլիսոփայությունից ազդված պերֆորմանսներ:
1963-ին նա գրում է առաջին Ֆլուքսուսի մանիֆեստը:
Նա տեղավորվում է Վեսբադենի (այս քաղաքի անվան հետ են կապված առաջին Ֆլուքսուս-ֆեստիվալները) ամերիկյան ռազմական բազայում որպես նկարիչ-ձևավորող, սակայն շուտով վերադառնում է խրոնիկ հիվանդության պատճառով և հիմնում Ֆլուքսուսի գրասենյակ` նման միջազգային կորպոռացիայի գրասենյակի, հիմնում է նաև Ֆլուքսուս-խանութ, որտեղ վաճառվում էին հայտնի Ֆլուքսուս-շախմատները և Ֆլուքսուս-արկղերը, դրանք փայտից կամ պլաստմասայից տուփեր էին` լցված տարբեր արվեստագետների հեղինակած առարկաներով, խաղերով, ֆիլմերով և այլ տարբեր առարկաներով:
Նա մահացավ 1977-ին քաղցկեղից` ամուսնությունից երեք ամիս անց:
Նրա դերը` որպես Ֆլուքսուսի անդամ արվեստագետ, շատ դժվար է հասկանալ: Ստեղծագործականության պակասը և աշխատանքների շատ փոքրաթիվ լինելը համընկել է նրա գերազանց կազմակերպչական, համադրողական և համակարգող ունակությունների հետ: Իրականում նա ավելի շատ Ֆլուքսուսի գաղափարների հղկողն ու տարածողն էր, քան գործող արվեստագետ: Նրա անձի հետ կապված հակասական վերաբերմունքը մասամբ պայմանավորված է այն քննադատություններով, որոնք հնչեցին նրա հասցեին մահվանից հետո և առաջինը` հանձինս Դիք Հիգգինսի` նրա գործընկերոջ, որի հետ նա ժամանակին աշխատել էր «դաշնամուրային գործողություններ» պերֆորմանսի վրա: